1991
Առցանց ակադեմիա
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մասնագիտություններ
  • Մրցույթի կարգը
  • Հաճախ տրվող հարցեր
Ակադեմիա

1991 Ստորաբաժանում

Արհեստական բանականություն և Գիտական խումբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը «1991 ստորաբաժանման» համալրման, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։

Ի՞նչ է 1991 ստորաբաժանումը

«1991» ստորաբաժանումը 2020 թվականին հիմնված ստորաբաժանում է, որն ունի գիտատեխնոլոգիական ուղղվածություն։ Այն զորակոչիկների համար իրենց մասնագիտական հմտությունները բանակի տեխնոլոգիական գերակայության ապահովմանն ուղղելու բացառիկ հնարավորություն է։ Ստորաբաժանման կազմում գործում են մի քանի մասնագիտացված խմբեր, որտեղ զինվորներն աշխատում են իրենց մասնագիտությանը համապատասխան խնդիրների շուրջ ։



Ու՞մ համար է 1991 ստորաբաժանումը

«1991» ստորաբաժանումը նախատեսված է զորակոչի ենթակա այն քաղաքացիների համար, որոնք ունեն կամ ձգտում են ձեռք բերել բարձր հմտություններ տեխնոլոգիական ոլորտում, ցանկանում են իրենց ժամկետային զինվորական ծառայությունն անցկացնել տեխնոլոգիական ոլորտում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողքին, և նպատակ ունեն իրենց մտավոր ներուժն ուղղել հայկական բանակի տեխնոլոգիական զարգացմանը։

Ստորաբաժանման նպատակը

«1991 ստորաբաժանման» ստեղծման նպատակը ներկայիս և հետագա հնարավոր հակամարտություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնոլոգիական գերակայության ապահովումն է, ինչպես նաև զինվորական ծառայություն իրականացնող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ընդլայնումը։ Ծրագրի գերնպատակն է դառնալ հարթակ՝

  • ՀՀ ռազմական ոլորտի խթանմանն ուղղված մտավոր ներուժի մշտադիտարկման և կարողությունների զարգացման,
  • գիտահետազոտական նախագծերի իրականացման,
  • հայկական ռազմարդյունաբերական համալիրի կողմից ստեղծված սպառազինության նախնական փորձարկման և կիրառման,
  • վերջնական և ավարտուն արդյունքի, ինչպես նաև արտադրանքի՝ ՀՀ պաշտպանության նախարարության ամենօրյա գործառույթներում ինտեգրման համար:

Մասնագիտություններ


     Ներկայումս «1991 ստորաբաժանման» շրջանակում գործում է արհեստական բանականության խումբը, որը ներառում է երեք հիմնական մասնագիտություն։ Ստորաբաժանման մասնագետները պատասխանատու են ռազմական ոլորտի խթանմանը միտված մտավոր ներուժի մշտադիտարկման և կարողությունների զարգացման հարթակ ձևավորելու, ՀՀ զինված ուժերի տեխնոլոգիական գերակայությունը ապահովելու, գիտահետազոտական նախագծեր իրականացնելու, ինչպես նաև դրանց արդյունքները ՀՀ զինված ուժերի ամենօրյա գործառույթներում ներդնելու համար:

Արհեստական բանականություն

Մեքենայական ուսուցում

«Մեքենայական ուսուցում»-ը արհեստական բանականության ճյուղերից մեկն է , որը համակարգչային ալգորիթմների միջոցով հնարավորություն է տալիս փորձի օգտագործմամբ ինքնուրույն կատարելագործվելու։ Մեքենայական ուսուցումը արհեստական բանականության մաս է կազմում և լայնորեն կիրառվում է ռազմական և ռազմաարդյունաբերության ոլորտներում։

Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

«Տվյալների վերլուծություն և վիճակագրություն»-ը կիրառվում է տվյալների մեջ իմաստալից օրինաչափությունների հայտնաբերման, մեկնաբանման և հաղորդակցման համար: Այն ենթադրում է տվյալների օրինաչափությունների կիրառում ռազմական ոլորտում՝ արդյունավետ որոշումներ կայացնելու համար:

Տվյալների ճարտարագիտություն

«Տվյալների ճարտարագիտություն»-ը միավորում է մաթեմատիկան, ճարտարագիտությունը, ծրագրավորման ալգորիթմները և առկա փորձի վերլուծությունը՝ անհրաժեշտ, սակայն թաքնված տեղեկույթը դասակարգված տվյալների շտեմարաններից բացահայտելու նպատակով։ Այս տեղեկույթը օգտագործվում է ռազմական և ռազմաքաղաքական որոշումների կայացման մեջ։

Գիտական խումբ

Ռոբոտատեխնիկա

«Ռոբոտատեխնիկան» ճարտարագիտության ճյուղ է, որը միավորում է մեքենաշինությունը, էլեկտրոնիկան և համակարգչային գիտությունները՝ ցամաքային և օդային ռոբոտների նախագծման, կառուցման և շահագործման համար։ Ռոբոտատեխնիկան ժամանակակից ավտոմատացման առանցքային բաղադրիչն է և լայնորեն կիրառվում է ռազմական ոլորտում։

Մրցութի անցկացման կարգը

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները գրանցվելիս՝

  • Ընտրում են առաջարկվող մրցույթներից մեկը
  • Նշում են իրենց մասնագիտական հմտությունները
  • Կցում են անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ կամ, վերջիններիս բացակայության դեպքում, ծննդյան վկայական), ռեզյումե և առկայության դեպքում` հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, ատեստատ, հավաստագրեր)

Գրանցման մասին զորակոչիկը պարտավոր է տեղեկացնել իրենց հաշվառման վայրի տարածքային զորահավաքային ծառայություն (զինվորական կոմիսարիատ)։ Գրանցված մասնակիցները քննությունից առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին։

Մրցույթին մասնակցելու նպատակով չեն կարող հաշվառվել`

  • պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները
  • ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները
  • հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինված ուժերի մասնագիտական ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու համար անցկացվող այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները

Այպիսով, վերոնշյալ պայմաններին բավարարող զորակոչիկը կարող է գրանցվել 1991 ստորաբաժանման միայն մեկ մրցույթի համար։


1
Մրցույթի 1-ին փուլ

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կամ միջին մասնագիտական ավարտական վկայական ունեցող զորակոչիկները

Ընդհանուր մաթեմատիկա և տրամաբանություն թեստ, գրավոր (20 հարց` որից 10 հարցն ընդհանուր մաթեմատիկայից, 10 հարցը` տրամաբա­նությունից, յուրաքանչյուր հարցը` 1 միավոր), որն անցկացնում է թեստավորման ենթահանձնաժողովը: Թեստի գնահատման արդյունքում առնվազն 12 միավոր հավա­քած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ

Զորակոչիկը մրցույթին ներկայանալիս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ 1991.mil.am կայքում գրանցված լինելու դեպքում` նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան կրթական ծրագրով ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը:

Հարցերը հիմնականում հետևյալ թեմաներից են՝

  • ընդհանուր մաթեմատիկայից.
    • կոմբինատորիկա
    • գծային հանրահաշիվ
    • հավանականությունների տեսություն
    • մաթեմատիկական անալիզ
  • տրամաբանությունից.
    • մաթեմատիկայի դպրոցական օլիմպիդաների տրամաբանություն ստուգող առաջադրանքներ և նմանօրինակ այլ առաջադրանքներ։
Ներբեռնել թեստի նմուշ

2
Մրցույթի 2-րդ փուլ

Մասնագիտական թեստ` գրավոր (յուրաքանչյուր մասնագիտությունից 20 հարց, յուրաքանչյուր հարցը` 1 միավոր): Մրցույթի մասնակից զորակոչիկն ինքն է ընտրում 1991 ստորաբաժանման համապատասխան խումբը և այդ խմբի այն մասնագիտու­թյունը, որից հանձնելու է թեստ` այդ մասին նշելով մրցույթի մասնակցության հայտում։ Թեստի գնահատման արդյունքում համապատասխան մասնագիտությունից առնվազն 12 միավոր հավա­քած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ: Մրցույթն անցկացնում են մասնագիտական ենթահանձնաժողովները` ըստ հետևյալ մասնագիտությունների

  • մեքենայական ուսուցումՆերբեռնել թեստի նմուշ
  • տվյալների վերլուծություն և վիճակագրությունՆերբեռնել թեստի նմուշ
  • տվյալների ճարտարագիտություն
3
Մրցույթի 3-րդ փուլ

Հարցազրույց, որն անցկացնում է հանձնաժողովը: Այս փուլում հանձնաժողովի անդամները միասին հարցազրույց են անցկացնում մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի հետ ու առանց քննարկման առանձին գնահատում: Փուլի գնահատականները ձևավորվում են հանձնաժողովի անդամների նշանակած անհատական գնահատականների միջին թվաբանականների հաշվարկով: Մրցույթի այս փուլով գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները)

  • կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը

  • մասնագիտական գործնական:

Մրցույթին նախատեսված ունակություններից (կարողություններից) յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5-բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ: Մրցույթի երրորդ փուլի արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները:

Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները` գումարելով երեք փուլերի գնահատականները և նույն օրն իրազեկում մրցույթի մասնակից զորակոչիկներին` իրենց հավաքած ընդհանուր միավորների մասին: 1991 ստորաբաժանման կազմում զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երեք փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները:

Հարցեր եվ Պատասխաններ

Հաճախ տրվող հարցեր

Ուղարկեք Ձեր հարցը մեզ։

ai.1991@mil.am
  • 18-27 տարեկան ՀՀ քաղաքացիներ, որոնք տվյալ պահին ենթակա են զորակոչի։

Դիմելու և մրցույթի պայմանները

  • Դիմելու ժամկետ․ Գրանցվել պետք է այն ժամանակ, երբ արդեն ենթակա եք զորակոչի և պատրաստ եք անցնելու ծառայության։
  • Տարկետում ունեցողների համար․ Դուք պետք է գրանցվեք ձեր տարկետման ավարտին։
  • Մրցույթը չանցնելու դեպքում․ Եթե չեք հաղթահարում մրցույթը և չեք ստանում տարկետում, ապա զորակոչվում եք ընդհանուր հիմունքներով՝ պարտադիր ժամկետային ծառայության։
  • Կրկին դիմելու հնարավորություն․ Եթե մրցույթը չանցնելուց հետո ստանում եք տարկետում, կարող եք դրա ավարտին կրկին դիմել «1991» ծրագրին։

Ակադեմիան «1991»-ի նախագիծ է, որը զբաղվում է ապագա դիմորդների նախապատրաստմամբ և ուսուցմամբ։ Այն տրամադրում է «մեքենայական ուսուցում» մասնագիտությամբ անվճար, առցանց դասընթացներ, որոնց մասնակցությունը ցանկության դեպքում է։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել քննություն։

Նախապատրաստական դասընթացների մեկնարկ

Ակադեմիայի նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են ամեն տարվա ամառային և ձմեռային զորակոչերի համար։ Դասընթացների տևողությունը 6 ամիս է, և դրանք սկսվում են համապատասխան զորակոչից 6 ամիս առաջ։

Նորությունների և հստակ ժամկետների մասին տեղեկանալու համար հետևեք «1991»-ի պաշտոնական կայքէջին։

Հայտարարված զորակոչի ընթացքում անհրաժեշտ է հետևել 1991.mil.am կայքին և գրանցվել համապատասխան հղումով։ Դրանից հետո Ձեզ հետ կապ կհաստատվի էլ. փոստի միջոցով, անհրաժեշտության դեպքում նաև հեռախոսով։ Դուք տեղեկատվություն կստանաք քննության օրերի, անցկացման վայրի վերաբերյալ։ Առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել տվյալ կայքի «Ընդունելության կարգը» ենթաբաժինը։

Քննությունները տեղի են ունենում յուրաքանչյուր տարվա ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում։

Քննություններին պատրաստվելու համար շուտով կգործի 1991.academy առցանց հարթակը։
Քննություններին պատրաստվելու համար նաև կարող եք պարապել ինքնուրույն կամ դիմել այլ դասընթացների։

Քննության առաջին և երկրորդ գրավոր փուլերում անցողիկ շեմը 12 միավորն է, իսկ երրորդ հարցազրույցի փուլում 6 միավորը։

ԹԵԺ ԳԻԾ`(+374) 12 21-00-00

@2025 Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարություն

նախապատրաստական դասընթաց

Գրանցումը փակ է

Գրանցումը կբացվի ձմեռային զորակոչի ընթացքում